Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն խոչընդոտող ոչ իրավաչափ գործողությունները:
Այս մասին ասվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարության մեջ։
«Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ փակուղի չմտցնել բանակցությունների հնարավորությունը, որի հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ, առանց բռնության և բացառապես քաղաքական ճանապարհով: