Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը:
Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:
Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարակական կարգի վերականգնմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ:
Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը: