Էդմոն Մարուքյանի ելույթը Ազգային ժողովում (Video)


15:40 , 17 ապրիլ, 2018

Խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը ելույթով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, որ քննարկում են Սերժ Սարգսյանին երրորդ անգամ կառավարության ղեկը հանձնելու հարցը:  

Մարուքյանը նշեց, թե ինքը քննադատել է այս բարեփոխումները, բայց պարզվում է` այն մեկ դրական կողմ ունի, առաջին անգամ վեց տարվա մեջ ինքը՝ որպես ԱԺ պատգամավոր, այստեղ Սերժ Սարգսյանին կարող է հարցեր տալ, ելույթներ ունենալ:  

Նա նկատեց, թե ունենք «ֆեյք» պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք մարմիններ, որոնք այս երկրի հետ ոչ մի կապ չունեն, և հիմա իրենք կարող են թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա իրականում, ինչ տեղի է ունենում: «Այնպիսի քաղաքական համակարգ է, որ ում ինչ ասում ես, ասում է` ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ խոսում են բարեփոխումների մասին, և խնդրեց այլևս բարեփոխումներ չանել, քանի որ ինչքան արել են, ՀՀ-ն ռեգրես է ապրել:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ զարմանում են, թե կառավարման այս համակարգում այդ մարդկանց որտեղի՞ց է գտնում: «Վերջին անգամ ե՞րբ եք «Հայլուր» նայել, Ձեր դուրը գալի՞ս է»,- դիմելով Սերժ Սարգսյանին` հարցրեց նա:

Այնուհետև մատնացույց արեց Առողջապահության նախարարին. «Ձեր առողջապահության նախարարն ամեն ինչ մտածում է, որ վատ լինի, տրանսպորտի նախարարին թվում է, թե այս երկրի թիվ մեկ խնդիրն աջ ղեկն է, որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը շարունակեց, որ զեկույցներ են լինում, տնտեսական աճ է ներկայացվում, մինչդեռ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը չի վերջացել: «Վարկը չկա, տները կան, փողերը կան, սաղ հարուստ են ու երջանիկ, բայց ճանապարհը չկա, չի կարելի այստեղ թվերից խոսել։ Պրոբլեմն այն է, որ բոլորը գիտեն, որ դուք ոչ մի բան չեք փոխելու, շարունակելու եք պահպանել այս համակարգը»,- ասաց նա և նշեց, թե միակ մարդը, որն այս փոփոխություններից տուժել է, Գալուստ Սահակյանն է:

Նա նշեց, որ վստահ է` ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանն ԱԳ նախարար է նշանակելու Էդվարդ Նալբադյանին, ով ձախողել է արտաքին քաղաքականությունը, նույն առողջապահության, տրանսպորտի նախարարները վերանշանակվելու են:

Էդմոն Մարուքյանի խոսքով` սա ուղղակի փակուղի է: «Եկել ենք այստեղ՝ ասելու, որ դեմ ենք Ձեր երրորդ պաշտոնավարմանը, ասելու` ինչ է երկրում կատարվում, կա ձեր աշխարհը և  այնտեղ, որտեղ մենք ենք ապրում, ձեր աշխարհում չեն ասում` ինչ է կատարվում։ Եթե ասեին, ապա գոնե փոփոխություններ կկատարվեին, կամ ասում են, չի կատարվում: Սա ճահիճ է, «ֆեյք» կառավարման համակարգ է»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ այստեղ խոսվեց նրա կենսագրությունից. «Բայց ուզում եմ լույսն այստեղ սփռել, այսօրվանից սկսում է ուրիշ Սերժ Սարգսյանի կենսագրություն, նախորդը նախագահի կենսագրությունն էր, իսկ սա վարչապետի է, որը չի ունենալու քավության նոխազ»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավորը հիշեց «ամենաթարմ վարչապետից ամենագեղեցիկին», ով ասել էր, որ ինքը կարող է վարչապետ դառնալ, կփորձի, հետո պարզվում է` ինքն է համոզում Սերժ Սարգսյանին, որ վերջինս վարչապետ դառնա։

«Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են, և վստահ եմ, որ ժամեր անց Դուք կընտրվեք վարչապետ` Ձեր ձևավորած Սահմանադրությամբ: Այս սահմանադրությամբ ոստիկանապետն ուղղակի ձեզ է ենթարկվում. մեկի քթից արյուն եկավ, Ձեզ են մեղադրելու, Ձեր թիվ մեկ խնդիրն է ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք իրական աշխարհից ենք, ուրիշ աշխարհից չենք»,- ասաց նա:  

Ավարտելով ելույթը` Մարուքյանն ասաց. «Բազմաթիվ հարցեր կան, ուզում եմ ասել` բարի գալուստ լուսավոր Հայաստան, գալու եք այստեղ, և մենք այդ հարցերը տալու ենք»: