Ամենամեկուսացված կղզին աշխարհում, որտեղ չկա ո՛չ բջջային կապ, ո՛չ ինտերնետ


22:45 , 17 ապրիլ, 2018

Եթե երբևէ ցանկություն եք ունեցել այնպիսի մի վայր գնալու, որտեղ ոչ ոքի չէիք տեսնի, և ոչ ոք Ձեզ չէր անհանգստացնի, ապա Թրիսթան-դա-Քունյան կատարյալ ընտրություն կարող է լինել Ձեզ համար: Այս յուրօրինակ կղզին ամենամեկուսացվածն է բոլոր մայրցամաքներից: Այստեղ չկա օդանավակայան, այնպես որ, միայն այստեղ հասնելու համար ոչ թե մի քանի օր, այլ մի քանի շաբաթ կպահանջվի:

Թրիսթան-դա-Քունյանը պաշտոնապես ոչ թե կղզի, այլ արշիպելագ է համարվում, և գտնվում է Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի միջև՝ մի փոքր ավելի հարավ, որտեղ ոչ մի բնակելի ցամաք գոյություն չունի: Ողջ արշիպելագը՝ նույնանուն գլխավոր կղզու հետ միասին, բրիտանական տարածք է, հետևաբար կղզու բոլոր բնակիչները բրիտանական «հպատակներ» են:

Նույնանուն կղզին, ըստ էության, իրենից ներկայացնում է հսկայական հրաբուխ: Դրա հյուսիսարևմտյան հատվածում գտնվում է ոչ խոշոր իջվածք, որտեղ էլ տեղակայված է փոքր քաղաք, որի շրջակայքում՝ մի քանի հազար կիլոմետրի վրա, չկա կյանք: Այս բնակավայրը ստեղծել են Եվրոպայից ներգաղթյալները XIX դարում: Վերջիններս բնակավայրին գեղարվեստական անվանում են տվել՝ Յոթ ծովերի Էդինբուրգ: Սակայն տեղաբնիկներն իրենց քաղաքն անվանում են ուղղակի «բնակավայր»:

Թրիսթան-դա-Քունյանում ապրում է շուրջ 270 բնակիչ: Կղզում չկա բջջային կապ, համացանցը գործում է բնակավայրում միակ ինտերնետ-սրճարանում, սակայն թանկարժեքության պատճառով բնակիչներն այս ծառայությունից օգտվում են միայն արտակարգ դեպքերում: Երբեմն այստեղ Հարավային Աֆրիկայից գալիս են որոշ նավեր, սակայն այդպիսի դեպքերը պատահում են տարեկան 8-9 անգամ: Ուրիշ ոչ ոք ոտք չի դնում այստեղ՝ բացի մոլի ճանապարհորդներից, որոնք դժվարությամբ ու իրենց միջոցներով կարողանում են հասնել այս կղզի:

Գրեթե բոլոր տեղաբնիկները կարող են ուսումնասիրել իրենց տոհմածառը 15 սերունդ դեպի հետ՝ դեպի այն մարդկանց, ովքեր հիմնել են Յոթ ծովերի Էդինբուրգը: Նախնի տղամարդիկ եղել են սպիտակամորթ եվրոպացիներ, իսկ կանայք խառնուրդային ռասաների են պատկանել կամ էլ աֆրիկյան սևամորթներ են եղել:

Կղզու ներկայիս բնակիչներից բոլորն իրար համար հարազատներ են: Նրանք խիստ սահմանափակ քանակի ազգանուններ ունեն, և բոլորը բոլորին ճանաչում են: Այստեղ չեն փակում դռները և անգամ չեն օգտվում կողպեքներից, միայն մեծ պահոցներում ու խանութներում:

1961 թ. բնակավայրի բնակիչները ստիպված եղան անհապաղ տարհանվել, քանի որ հրաբուխը սկսել էր գործել: Երկու տարի անց բնակիչները վերադարձան կղզի: Որոշ կանայք վերադարձել էին «այլ ցամաքից» սպիտակամորթ տղամարդկանց հետ: Մի փոքր ավելի վաղ՝ 1900-ականների սկզբին, փոթորկի հետևանքով նավի մոլորման արդյունքում այստեղ է հայտնվել սլավոնական ծագում ունեցող ինչ-որ տղամարդ, ում կղզու պատմության մեջ հիշում են որպես մեկի, ով «այստեղ թողեց իր գեները, սակայն ոչ անունը»:

Կղզում միայն մեկ բժիշկ կա (և ոչ մի բուժքույր), ով հոգ է տանում ավելի քան 260 բնակիչների առողջության մասին: Հետևաբար առողջական սուր խնդիրների, ծանր վիրահատությունների ու ծննդաբերման ժամանակ առաջացած խնդիրների դեպքում հիվանդներին նավով տեղափոխում են Քեյփթաուն: Քաղաքում հրատարակվում է մեկ օրաթերթ, որն անվանվում է «Գյուղի ձայնը», իսկ ահա համացանցում կարող եք գտնել կղզու կայքը՝ www.tristandc.com, որն, իհարկե, վարում են Մեծ Բրիտանիայի բնակիչները:

Ներքոհիշյալ տեսանյութում հաղորդավարը երկար շաբաթներ շարունակ կատարած ճամփորդության ընթացքում վերջապես ոտք է դնում կղզի: Այստեղ նա շրջում է միակ ավտոբուսով, կարտոֆիլի դաշտ է այցելում, ծանոթանում է տեղի բնակիչների հետ, տեղեկանում, թե ինչպես են նրանք ապրում և ինչով են տարբերվում բրիտանական այլ «հպատակներից»: