«Поехали!»…


18:30 , 12 ապրիլ, 2018

1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Ալեքսեյի Գագարինն աշխարհում առաջինը «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով թռավ և 1 ժամ 48 րոպե պտտվեց երկրագնդին մոտ տիեզերական տարածությունում:

Այդ թռիչքը կայացավ մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 09:07-ին Բայկոնուրից: Հրթիռի արձակման հրամանը ստանալուն պես նա արտաբերեց հետագայում արդեն հայտնի դարձած արտահայտությունը. «Поехали!»: Վոստոկ տանող հրթիռն անթերի աշխատեց, միայն արդեն թռիչքի վերջնական փուլում ռադիողեկավարման համակարգը չաշխատեց, որը պետք է անջատեր 3-րդ աստիճանի շարժիչը: Այն անջատվեց միայն ժամային մեխանիզմի աշխատելու շնորհիվ, սակայն արդեն նախնական հաշվարկների համեմատ հրթիռը մոտ 100 կմ ավել էր բարձրացել:

Տիեզերքում նա կատարեց մի քանի պարզագույն փորձեր՝ ուտել, խմել մատիտով գրել: Վերջինս դնելով իր մոտակայքում` մի որոշ ժամանակ անց նա տեսավ, թե ինչպես է մատիտն օդում լողում, ինչից հետո կատարեց կարևոր մի եզրակացություն, որ մատիտը և այլ պարագաներ անպայման պետք է ամրացված լինեն:

Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա: Այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։

Զարմանալի է, բայց փաստ։ Ակադեմիայում սովորելու տարիներին Գագարինը երկար ժամանակ չէր կարողանում յուրացնել վայրէջքի տեխնիկան, ինչի պատճառով էլ կուրսանտի ապագան կասկածի տակ դրվեց։ Նրան փրկեց հրահանգիչ Անատոլի Կոլոսովը: Գագարինը միջին հասակի (ընդամենը 165 սմ) երիտասարդ էր, ուսուցիչները որոշեցին կուրսանտի տակ բարձ դնել, ու հենց այդ բարձն էլ օգնեց հաղթահարել թռիչքը: Արդյունքում Գագարինը գերազանց ավարտեց ուսումնարանը: Կարելի է ասել, որ Գագարինին նաև օգնեց իր հասակը, քանի որ այն ժամանակ 170 սմ-ից բարձր տղամարդկանց թռիչքի չէին վերցնում:

«Տիեզերական» թռիչքից հետո պետությունը Գագարինին սև «Վոլգա» նվիրեց` 12-04 ЮАГ համարանիշով, որը խորհրդանշում էր չվերթի օրն ու ամիսը և տիեզերագնացի անուն-ազգանուն-հայրանունը (առաջին տառերը):

Գագարինի սաղավարտի «СССР» գրառումն էլ քննարկման թեմա դարձավ, քանի որ այդ հապավումը շատ հաճախ անհետանում էր տիեզերագնացի լուսանկարներից:

Մինչ այսօր անհասկանալի ու պարզ չէ, թե ինչպես է այդ հապավումն ընդհանրապես հայտնվել սաղավարտի վրա: Խորհրդային Միության հերոս, փորձարկու-օդաչու Մարկ Գալայը, ով մարզել է առաջին տիեզերագնացներին և ներկա է եղել գագարինյան մեկնարկին, իր գրքում պատմում է, որ գրառումը հայտնվել է ամենավերջին պահին: Նրա խոսքով` Գագարինի թռիչքից 20 րոպե առաջ հիշել են ամերիկացի Պաուերսի լրտեսական թռիչքի մասին ու որոշել են սաղավարտի վրա ավելացնել «СССР» հապավումը, որպեսզի տիեզերագնացին չշփոթեն դիվերսանտի հետ: Տառերը նկարել են` առանց սաղավարտը Գագարինի գլխից հանելու:

Միաժամանակ տիեզերագնացների համար սաղավարտներ արտադրող «Զվեզդա» գործարանի վետերանները պնդում են, որ հապավումը գրվել է թռիչքից շատ առաջ, նրանք նույնիսկ նշում են, թե ով է գրել հապավումը` ոմն Դավիդյանց:

Տիեզերք ուղևորվելուց երկու օր առաջ Յուրան կնոջը հրաժեշտի նամակ է գրել, քանի որ չգիտեր, թե որքանով հաջողված կլինի իր թռիչքը: 1961-ին, սակայն, այդ նամակը չհանձնեցին հասցեատիրոջը. կարիքը չզգացվեց: Նամակը Գագարինի կնոջը փոխանցեցին 1968 թ-ի մարտի 27-ին, երբ առաջին տիեզերագնացը զոհվեց ավիավթարից: Գագարինի մահը մեծ հանելուկ էր. ոչ ոք չհավատաց այդ ավիավթարին։