ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան համատեղ պատասխան կտան Սիրիայում տեղի ունեցած ենթադրյալ քիմհարձակմանը. The Guardian


12:10 , 11 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ամերիկյան The Guardian թերթը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդհանուր հայտարարի են եկել սիրիական Դումա բնակավայրում ենթադրյալ քիմիական հարձակման հարցով:

Կայքը հայտնում է, երեք ղեկավարները հեռախոսազրույցների ընթացքում  համաձայնել են, որ Սիրիայում կատարվածին պետք է համատեղ կոշտ պատասխան տալ, որպեսզի «ամբողջ աշխարհում վերջ դրվի քիմիական զենքի կիրառմանը»:

Ըստ թերթի՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Թոմ Թագենդհաթը հայտարարել է, որ դաշնակից պետությունների հետ կարելի է հարվածել Սիրիայի քիմիական զենքի պահեստներին, ինչի դեպքում, նրա խոսքով, ռեժիմն այլևս չի կարողանա պատերազմական հանցագործություններ կատարել:

Թերեզա Մեյը նույնպես չի բացառել, որ  Լոնդոնը կարող է մասնակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ ուղղված միջազգային ռազմական հարվածին:

Հայտնի է դարձել, որ երեք ղեկավարները պայմանավորվել են ամեն ինչ անել ապագայում քիմիական զենքի կիրառումը բացառելու համար: