Աստղային խառնաշփոթ. BlogNews.am-ի ապրիլյոթյան հումորային նախագիծը


15:45 , 7 ապրիլ, 2018

Պատկերացրեք, եթե մի օր ամեն ինչ գլխիվայր շուռ գար, և տղաների փոխարեն մենք՝ աղջիկներս, անեինք այն ամենը, ինչ սովորաբար անում են տղաները մեր սրտի բանալին որոնելիս։ Վստահ ենք՝ այս ամենը դուք իրական կյանքում երբեք չեք տեսնի, իսկ ահա BlogNews.am-ի ապրիլյոթյան ֆոտոշարքում մեր հերոսները որոշեցին ցույց տալ մեդալի հակառակ կողմը:

Մովսես Երեմյան և Աննա Սիմոնյան

Պատկերացնում եք՝ դերասանուհի Աննա Սիմոնյանը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, որոշեց ամուսնուն՝ Մովսես Երեմյանին, սեր խոստովանել և դա անել հին ու բարի սերենադ ձոնելով: Թեև դերասանուհին ժամերով երգում էր Մովսեսի պատուհանի տակ, բայց վերջինս կարծես թանկացնում էր իրեն: Այն, որ աղջիկն է որոշել սիրելիի համար սերենադ երգել, զարմացրել էր երևանցիներին, և այդ ամենից ոգևորված՝ Մովսեսը խունջիկ-մունջիկ էր լինում․ «Ախր, Աննա ջան, ամոթ է, հարևաններն ի՞նչ կմտածեն»: Դայց դե մենք հո գիտենք, որ իրականում սա նշանակում է՝ «Աննա՛, դու վերջն ես»։  

IMG_ (22) copyIMG_ (13) copyIMG_ (30) copyIMG_ (1) copy

Նարեկ Բավեյան և Քրիստինա Սարգսյան

Գիտենք, որ անհավանական է անգամ պատկերացնելը, բայց, այդուհանդերձ, փորձեք մի պահ պատկերացնել, որ կանայք տանել չեն կարողանում շոփինգը, ինչպես տղամարդիկ, իսկ այ տղամարդիկ ընդհակառակը՝ մոլի կախվածություն ունեն այս հիանալի զբաղմունքից։

Այ հենց այս իրավիճակում էլ «բռնացրինք» Նարեկին ու Քրիստինային։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու է Քրիստինայի դեմքի արտահայտությունն այնպիսին, ասես նյարդային հողի վրա միկրոինֆարկտը շատ հեռու չէ, որովհետև հերիք չէ՝ Նարեկը ստիպել է մի քանի անգամ պտտվել մոլի ողջ տարածքով, հերթով մտել է բոլոր խանութներն ու փորձել ամենատարբեր ապրանքներ (որոնց մեծ մասը հազար տարի էլ պետք չի գա), դեռ մի բան էլ մի քանի ամսվա աշխատավարձը ծախսել է տարբեր հագուստների վրա ու այդ ողջ գնումները տվել է Քրիստինայի ձեռքը։ Ու Քրիստինային կարելի է հասկանալ․ ոչ ոք չի կարող ոգևորվել այն գաղափարից, որ ժամերով անիմաստ շոփինգից հետո մի բան էլ սիրիացի փախստականի պես պետք է մի վագոն հագուստ կրես մինչև տուն։

IMG_8019ps copyIMG_8047 copy

Սարգիս և Մանո Գրիգորյաններ

«Կոստյո՞ւմն է, որ պետք է քեզ գեղեցկացնի»,- ասվում էր հայտնի ֆիլմում։ Սարգիսի մոտ այս դարակազմիկ հարցի ավելի խորքային տարբերակն է՝ ո՞ր կոստյումը հատկապես կգեղեցկացնի։ Ու մինչ Մանոն Սարգիսին սպասում է հրապարակի ժամացույցի տակ, Սարգիսն ուշանում է, քանի որ չի կարողանում որոշել պիջակներից որը կրել․ մի կողմից կապույտն է ուզում, բայց մտածում է, որ կարող է պարզվել՝ հարևան Գռնոն էլ է կապույտ պիջակ հագել, իսկ դա կատեգորիկ անթույլատրելի է:  

IMG_8100 copyIMG_8102 copyIMG_8585 copy

Դավուլ և Բիայնա

«Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր»,- ասում էր դասականը, իսկ ուրիշները՝ դասական և ոչ այնքան, անդադար պնդում են, որ Z սերունդը լրիվ այլ կերպ է աշխարհն ընկալում և այլ կերպ ապրում։ Չվիճելով նրանցից ոչ մեկի հետ՝ այդուհանդերձ հուսանք, որ անգամ Z սերունդը չի տեսնի այնպիսի ժամանակներ, երբ գեղեցիկ սեռը ստիպված կլինի թիավարել ուժեղ սեռին գայթակղելու համար, տեսնելիս էլ թող տեսնի միայն նման տոնական-հումորային նախագծերի մեջ։ Ի դեպ՝ Դավուլին ու Բիայնային այս դիլեման էլ, ապրիլյոթյան նախագիծն էլ շատ քիչ էին հուզում և նրանք, ինչպես ցանկացած նորմալ երեխա, պարզապես վայելում էին իրենց փոքրիկ արկածը։

IMG_8931 copyIMG_8918 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի, Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Նկարահանումներին աջակցել են «Դալմա Գարդեն մոլ»-ն ու serenad.am-ը: