Armsport.am-ը գրում է.
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչից առաջ, որը մեկնարկում է ապրիլի 6-ին Վալենսիայում, խոստովանել է, որ չգիտեր ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը վերադառնալու մասին.
«Եթե անկեղծ, նույնիսկ չգիտեի, որ նորից դարձել եմ աշխարհի առաջին ռակետը: Անցած տարի ես շատ ուրախ էի մրցաշրջանն առաջին տեղում ավարտելու համար»,- Նադալի խոսքերն է փոխանցում «Ubitennis»-ը:
Մարզիկը նաև խոսել է Իսպանիայի հավաքականի հետ Դևիսի Գավաթին մասնակցելու, ինչպես նաև այն մասին, թե որքանով է պատրաստ օգնել իր թիմին դուրս գալ հաջորդ փուլ.
«Դպրոցում մաթեմատիկան ինձ միշտ դժվար է տրվել: Այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե քանի տոկոսով եմ պատրաստ: Բայց ես այստեղ եմ եկել հաղթելու: Հենց սկզբից ցանկանում էի խաղալ այստեղ: Բայց պետք է զգույշ լինել վնասվածքի պատճառով: Սերխի Բրուգերան (խմբ. - Իսպանիայի հավաքականի ավագը) կարծում է, որ ես պատրաստ եմ: Ես ևս այդպես եմ կարծում»,- ավելացրել է իսպանացին:
Հիշեցնենք` Նադալը 2016 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ է մասնակցելու Դևիսի Գավաթին: Նա նաև առաջին անգամ վերադառնալու է կորտ հունվարից ի վեր, երբ վնասվածք ստացավ Ավստրալիայի մրցաշարում:
Դևիսի Գավաթում Նադալն ապրիլի 6-ին մրցելու է գերմանացի թենիսիստ Ֆիլիպ Կոլշրայբերի հետ: