Չինացի գիտնականները «սրտի յուրահատուկ չիպ» են հայտնագործել


17:15 , 3 ապրիլ, 2018
Չինաստանի հարավարևելյան համալսարանի Կենսաբժշկական ճարտարագիտության ինստիտուտի կենսաէլեկտրոնիկայի լաբորատրիայի գիտախումբը՝ պրոֆեսոր Չժաո Յուանցզինի գլխավորությամբ, «սրտի չիպ» է հայտնագործել, որն ի վիճակի է փոխելու գույները:
Այս չիպը կարող է մարդու մարմնից դուրս գտնվելով նմանակել զարկերակի բաբախին և սրտամկանի բջիջների կծկմանը: Ապագայում նման տեխնոլոգիան կարող է փոխարինել կենդանի օրգանիզմների վրա գիտափորձերին՝ այս կամ այն դեղամիջոցի բուժական ազդեցությունը փորձարկելիս: Քամելեոնին հետևելը չինացի գիտնականներին հուշել է հատուկ օպտիկական կառուցվածքով գել կիրառել, որը նրանք քսել են բջջային միկրոչիպի վրա:

Երբ սրտամկանի բջիջները լայնանում ու կրճատվում են, գելը համապատասխանաբար փոխում է գույնը: Դեղերի ընդունումից հետո, պարզապես նայելով չիպի գույնին, հետազոտողները կարող են դատել զարկերակի փոփոխությունների և դեղամիջոցի էֆեկտիվության մասին: