Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում:
Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:
Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում:
Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում:
Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:
Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:
Ի դեպ՝ կլոր գաթա փորձեք համտեսել կաթով կամ թթվասերով, շատ համեղ է ստացվում։