«Ապրիլի 1-ին ոչ ոքի չեմ հավատա». հավանաբար մեզանից յուրաքանչյուրն ասել է այս արտահայտությունը և կյանքում գոնե մեկ անգամ, այդուհանդերձ, հայտնվել ապրիլմեկյան զոհի կարգավիճակում կամ անձամբ թակարդ լարել ուրիշների համար: Այո՛, այսօր ապրիլի 1-ն է, ու ամբողջ աշխարհում ընդունված է կատակել ընկերների, կոլեգաների ու ծանոթների հետ: Ցանկացած «չարագործություն» այսօր ունի արդարացում՝ դիմացինին լավ տրամադրություն ու գեղեցիկ ժպիտ պարգևել: Օրվա առիթն օգտագործելով՝ BlogNews.am-ն առաջարկում է ծանոթանալ անհավանական բլից հարց ու պատասխանի: Դրական, պոզիտիվ ու միշտ իր «զոհերի» համար անսպասելի պատմություններ հորինող «Արմքոմեդի»-ի Սերգեյն է ապրիլմեկյան օրը փորձել լցնել հումորով: Ի գիտություն՝ Սերգեյի համար այլևս ծիծաղելի չեն ապարանցիների մասին անեկդոտները:)
- Սերգեյ, դո՞ւ էլ ես պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ապրիլի 1-ին ծանոթների հետ կատակում են, թե բա՝ մոռացել ես կոճկել տաբատիդ կոճակը:
- Ոչ: Ես այդ մարդկանց շարքին չեմ պատկանում:
- Այսօր ո՞ւմ համար ես ծուղակ պատրաստել:
- Ոչ մի ծուղակ: Ես մաքուր մարդ եմ: Մաքուր կյանքով եմ ապրում:
- Քեզ շրջապատում «օյինբազ» մարդ համարո՞ւմ են:
- Հաճախ է նման բան լինում: Մտնում եմ շրջապատ, շրջապատը նայում է վրաս և ասում․ «Բարև, օյինբազ»: Ես դա ծանր եմ տանում: Ես մաքուր մարդ եմ:
- Ո՞րն է եղել քո ամենատպավորիչ ապրիլի 1-ն, ու ինչպե՞ս են քեզ խաբել:
- Ամենատպավորիչ ապրիլի 1-ը դեռ առջևում է:
- Սիրո՞ւմ ես անեկդոտներ և ուրախ պատմություններ պատմել:
- Իմ մարդկային տեսակն այնպիսին է, որ մեկ-մեկ հետաքրքիր պատմություն եմ հիշում և պատմում, երբեմն՝ նաև անեկդոտ: Ես էդ տղեն եմ:
- Իսկ սրամտությամբ սիրո՞ւմ ես մրցել ուրիշների հետ, օրինակ՝ Նարեկի:)
- Ես մաքուր մարդ եմ, Բայց սիրում եմ մրցել: Օրինակ` Նարեկի հետ:
- Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա:
- Իմ ներքին կուլտուրան և դաստիարակությունը թույլ չեն տալիս ծիծաղել ուրիշների կատակների վրա:
- Սերգեյի համար դեռ շարունակո՞ւմ են ծիծաղելի թվալ ապարանցիների մասին անեկդոտները:
- Ոչ:
- Կա՞ն թեմաներ, որոնց շուրջ երբեք չի կարելի կատակել:
- Երբեք չեմ կատակում Հեպատիտ-Բ-ի մասին:
- Իսկ ի՞նչ թեմայի շուրջ քեզ հետ չի կարելի կատակել:
- Վերջերս քթիս միջնապատն են վիրահատել: Ինձ հետ չի կարելի կատակել միջնապատի մասին:
- Կարողանո՞ւմ ես հումորով դուրս գալ տհաճ իրավիճակից։
- Ես այնքան մաքուր տղա եմ, որ ցանկացած վիճակից կարող եմ հումորով դուրս գալ:
- Ի՞նչն է ստիպել քեզ, որ վերջին շրջանում լիաթոք ծիծաղես:
- Արմեն Վարդանյանի մասնակցությամբ տափակ բաթլը:
- Քեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների բարձր ծիծաղը:
- Ես այն մարդը չեմ, որին դա կարող է նյարդայնացնել: Ես իմ տեսակով մաքուր մարդ եմ:
- Առանձնացրու հայկական շոու բիզնեսի ամենահումորով մարդկանցից 3-ին:
- Հրանտ Թոխատյան, Արման Բարդումյան, Ռոբերտ Մարտիրոսյան:
- Ի՞նչ կարող ես անել 60 ժամ շարունակ:
- Իմ ճիշտն առաջ տանել:
- Քեզ համարո՞ւմ ես հումորի զգացում ունեցող մարդ։
- Ես էդ տղեն եմ:
- Ո՞րն է, քո կարծիքով, հայկական հեռուստաեթերի ամենահումորային շոուն։
- Արմքոմեդի:
- Դու կզարմանա՞ս, եթե պարզվի, որ կան մարդիկ, որոնց շարունակում է անծանոթ լինել «Արմքոմեդի»-ի Սերգեյը:
- Չեմ զարմանա, բայց կազդվեմ: