Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագծի լսումները չեն ուզում ԱԺ շենքում լսել


02:00 , 21 մարտ, 2018
operativ.am-ը գրում է

«Disabilityinfo»-ի ղեկավար, «Ելք» դաշինքի կազմում Երևանի ավագանու անդամ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ամիս կայանալու են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի լսումները։ Բայց չգիտես ինչու՝ ի տարբերություն մյուս նախագծերի, այս մեկը չեն ուզում ԱԺ շենքում անել։ Ես նախարարությանը նամակով գրել եմ, որ մենք կարևորում ենք լսումները ԱԺ-ում անցկացնելու սկզբունքը և խնդրում ենք այս կարևոր նախագծի լսումները կազմակերպել Ազգային ժողովում, որը պետք է հյուրընկալի նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ինչպես որ հյուրընկալում է մյուս քաղաքացիներին, այլ նախագծերի լսումների ժամանակ։

Իմ առաջարկին միացել են ևս երկու կազմակերպություն, բայց նախարարությունից պատասխան դեռ չկա։ Ծիտիկներն ասում են, որ նախարությունում որոշ քիչ տեղյակ պաշտոնյաներ դա շոու են համարում, բայց դե ծիտիկներ են, կարող են սխալվել, որովհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և ավելի փորձառու և «հին» պաշտոնյաները հաստատ հասկանում են հարցի կարևորությունը և մեր ցանկությունը հաշվի կառնեն»: