Վ. Տերյան.«Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն...»


16:51 , 3 մայիս, 2013

Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն»-
Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն...


Արդեն քնած է, Մարգո, նայիր,

Այս խեղճ ծերուկը, որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա-
Ես քո գերին եմ-հրամայիր,-
Արդեն քնած է, Մարգո, նայիր...

Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն

Եվ կանհետանա հավերժի մեջ.
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն.-
Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն...