43500 աշակերտ Հայաստանի և Արցախի 1070 դպրոցից մասնակցել են «Կենգուրու» մրցույթին


00:30 , 17 մարտ, 2018
Մարտի 15-ին աշխարհի 80-ից ավելի երկրներում տեղի է ունեցել «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը։ Այս տարի «Կենգուրուն» Հայաստանի աշակերտների համար անցկացվել է արդեն 10-րդ անգամ։ «Այբ» կրթական հիմնադրամից հայտնում են, որ թեստային մրցույթի միջոցով Հայաստանի և Արցախի 1070 դպրոցների ավելի քան 43500 աշակերտներ ներկայացրին մաթեմատիկայի և տրամաբանության իրենց հմտությունները։

Այս տարի մրցույթն անցկացվում է «Անհայտից՝ որոշյալ» կարգախոսով։

Մրցույթին հատկացված 75 րոպեների ընթացքում 3-12-րդ դասարանցի աշակերտները փորձել են անսխալ որոշել յուրաքանչյուր խնդրի համար առաջարկված 5 տարբերակներից միակ ճիշտը և խստորեն հետևել կանոններին, մասնավորապես՝ խնդիրներն ինքնուրույն լուծելը։

«Կենգուրու» մրցույթի արդյունքները կամփոփվեն մոտ մեկուկես ամիս հետո, իսկ «Կենգուրուի» նոր հերոսները՝ «անհայտից» «որոշյալ» դարձած մասնակիցները, հանրությանը կներկայանան ավանդական դարձած մրցանակաբաշխությունների ընթացքում։