ՇՊՀ-ում աշխատանքից ազատվել են Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը


18:10 , 15 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Նոր զարգացումներ Շիրակի պետական համալսարանում: Ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել են համալսարանի  դասախոսներ  Գագիկ Համբարյանն ու  Հովհաննես Խորիկյանը: Երկուսն էլ տեւական ժամանակ հնարավոր բոլոր ատյաններում, նաեւ սոցցանցում քննադատում էին համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունները, դրանք որակելով կամայականություն եւ ապօրինություն: Հովհաննես Խորիկյանն անգամ մեկօրյա հացադուլ էր հայտարարել:

Երկու դասախոսների համար   ռեկտորի կողմից ստորագրված փաստաթղթում    որպես ազատման հիմք նշվում  է  Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետը (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) և 122-րդ հոդվածի 2-րդ կետը (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։  

Աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմք  է հանդիսացել  ՇՊՀ Գիտական խորհրդի, ինչպես նաեւ նույն խորհրդի որոշմամբ ստեղծված   էթիկայի հանձնաժողովի որոշումները: Որոշման մասին  դասախոսներին նախապես տեղյակ չեն պահել: Որոշումը երկուսի համար էլ անակնկալ է եղել: Այս մասին դասախոսները խոստանում են խոսել մի փոքր ուշ: