Իսրայելը կարծես «փրկվում է» նոր արտահերթ ընտրություններից


22:35 , 13 մարտ, 2018

Իշխող կոալիցիայի ներսում ծագած հերթական ճգնաժամի պատճառը Քնեսեթի քննարկմանը ներկայացված «Զորակոչի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծն էր, որը ենթադրում էր զինծառայության հարցում արտոնություններ տրամադրել Թորայի ուսումնասիրությամբ զբաղվող ուղղափառ հրեաներին: Նշված օրինագծին հատկապես դեմ էին կոալիցիայի անդամ աջ պահպանողական կուսակցապետեր պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը և կրթության նախարար Նեֆթալի Բենեթը:

Անցած 2 օրերին նախ կրոնական կուսակցությունների, ապա Ֆինանսների նախարար Մ. Քահլոնի, իսկ այսօր արդեն վերոնշյալ նախարարների հետ ակտիվ բանակցություններից հետո Նեթանյահուին կարծես հաջողվել է կոալիցիոն գործընկերների հետ պայմանավորվածության գալ 2019 թ. բյուջեի նախագծի հաստատման հարցում, մինչև Փեսախի տոնակատարությունները (մարտի 30, ինչին դեմ էին կրոնականները), իսկ «Զորակոչի մասին օրենքում» փոփոխությունների վերաբերյալ քննարկումները տեղափոխել ամառային նստաշրջան՝ հնարավորություն ընձեռելով ՊՆ-ին ևս սեփական նախագիծը ներկայացնելու:

Մինչդեռ նաև իսրայելական վերլուծական շրջանակները պնդում էին, որ վերոնշյալ ճգնաժամը մեծապես արհեստական է, որի նպատակն արտահերթ ընտրություններն են, ինչը ձեռնտու էր վարչապետ Նեթանյահուին իր անձի և ընտանիքի անդամների հանդեպ իրականցվող քրեական հետապնդումների հետևանքները մեղմելու տեսանկյունից: