ԵՄ-ի հետ համաձայնագրից մինչեւ ԼՂ հակամարտություն. Նալբանդյանի օրակարգը Ստոկհոլմում


17:00 , 13 մարտ, 2018

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի պետքարտուղար Մաց Անդերսոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: 

Հանդիպմանը քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման ուղիների, իրավապայմանագրային դաշտի ընդայնման, առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: