Փոքրիկ երեխաների մեծ հայտնագործությունները


22:45 , 13 մարտ, 2018

Ինչպես հայտնի է, երեխաների երևակայությունը սահմաններ չունի: Սակայն մենք երբեք չենք մտածում, թե մեզ շրջապատող ինչքան շատ իրեր են հայտնագործվել անչափահասների կողմից: Պարզվում է՝ փոքրիկ երազողները կարող են բավականին մեծ գյուտեր անել, որոնք երբեմն առավել օգտակար ու արդյունավետ են լինում, քան նրանք, որոնք արվում են գիտնականների կողմից: Եկեք ուսումնասիրենք այդպիսի գյուտերից մի քանիսը:

Ձյունագնաց

Հյուսիսային երկիր Կանադայի երիտասարդ բնակիչ Ժոզեֆ-Արման Բոմբարդիեն հայտնագործել է ձյունագնացը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 17-ամյակի կապակցությամբ նա հորից որպես նվեր հին Ֆորդ ստացավ: Մեքենան այնքան վատ վիճակում էր, որ Արմանը ստիպված էր այն մասերի բաժանել: Հենց այդ ավտոմասերից էլ տղան ձյունագնաց պատրաստեց:

Ժամանակի ընթացքում Բոմբարդիեն ընկերություն հիմնեց, որը մասնագիտացված էր ինքնաթիռների և այլ տեխնիկայի, այդ թվում՝ ձյունագնացների թողարկման մեջ:

Բատուտ

Բատուտի գյուտն արել է ամերիկացի 16-ամյա գիմնաստ Ջոն Նիսենը: Այս կոնստրուկցիան դեռահասը հավաքել է իր ավտոտնակում և ներկայացրել է դպրոցում, որից հետո էլ պատվերներ է սկսել ստանալ: Հենց առաջին բատուտի գյուտը հանգեցրեց սպորտի նոր տեսակի առաջացմանը՝ բատուտի վրա թռիչքի:

Մրգային սառույց

Մի անգամ փոքրիկ Ֆրենկ Էպերսոնը փողոցում էր մոռացել ըմպելիքով լի բաժակը, որի հետ նաև ձողիկ կար: Առավոտյան նա համեղ աղանդեր ստացավ՝ սառեցված քաղցր ըմպելիք: Մրգային սառույցը տարածվեց միայն 18 տարի անց, երբ արդեն չափահաս Ֆրենկը խանութ բացեց, որի հիմքում ընկած էր մրգային սառույցի վաճառքը:

Կույրերի համար նախատեսված տառատեսակ

Պետք չէ մտածել, որ երեխաները կարող են հայտնագործել միայն քաղցրավենիք կամ խաղալիքներ. նրանց գյուտերից շատերը կարող են մրցել ամենալուրջ գյուտարարների հայտնագործությունների հետ: Այսպիսով՝ 15-ամյա Լուի Բրայլը կարողացել է տառատեսակ ստեղծել, որը կարողանում էին կարդալ կույրերը: Այդ տառատեսակի հիմքում ընկած էր այն տառատեսակը, որն օգտագործում էին զինվորականները գիշերը հաշվետվությունների վերլուծմամբ զբաղվելիս:

Քաղցկեղի ախտորոշման համար նախատեսված հավաքածու

Ջեք Անդրակեն ընդամենը 15 տարեկան էր, երբ նրան հաջողվեց թոքերի, ձվարանների ու ենթաստամոքսային գեղձի՝ վաղ փուլում գտնվող քաղցկեղի ախտորոշում կատարել: Այսօր այդ ամենը կատարում են հատուկ սարքի միջոցով, որը տեսքով հիշեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը չափող սարքին:  

Այդ եղանակով այսօր ախտորոշել կարելի է ընդամենը 5 րոպեի ընթացքում և շատ ավելի էժան: Զարմանալի չէ, որ ամերիկացի դպրոցականը Գորդոն Մուրի մրցանակի և «Intel International Science and Engineering Fair» միջազգային գիտական տոնավաճառում գրան-պրիի է արժանացել:

Արտանետվող գազեր և թթվածին

Պարամ Ջագին կարողացել է անել գործնականում անհնարը. նա արտանետվող գազերը վերածել է թթվածնի: Նա սարք է ստեղծել, որի ներսում ջրիմուռներ էր տեղադրել: Այդ ջրիմուռները վերամշակում են մեքենայի կողմից արտանետվող գազերը, որի արդյունքում օդ է արտանետվում մաքուր թթվածին: Երիտասարդ հանճարն այդ գյուտի համար համաշխարհային ճանաչում և արժանի փառք ստացավ: