Ադրբեջանը փորձելու է «ապակենտրոնացնել» հայկական զինուժի ռեսուրսները


12:42 , 13 մարտ, 2018

Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների շրջանակում, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իրականացվում է անձնակազմի, զրահատեխնիկայի, ավիացիոն միջոցների, հրետանային ու հրթիռային համալիրների տեղաբաշխում։
Ըստ զորավարժությունների սցենարի՝ զորքերը դուրս են բերվել դիրքեր գիշերային ժամին։ Ստորաբաժանումները գիշերային ժամին ու սահմանափակ տեսանելիության պայմաններում իրականացնում են տեղաշարժ։
Բացի այդ՝ ադրբեջանական տանկիստները, սցենարի համաձայն, իրականացնում են հակագրոհային գործողություններ։

Բաքվի կողմից այս լայնածավալ զորավարժությունների նպատակը ոչ թե ուժի ցուցադրությունն է (չնայած այդ հանգամանքը նույնպես որոշ չափով առկա է, քանի որ Ադրբեջանի կողմից գնված զենքերը, զինատեսակները բոլորին էլ հայտնի են. նրանք դա ցուցադրում են ԶԼՄ-ներով, գնված զենքերի ցուցակները առկա են տարբեր փակ և բաց զեկույցերում` SIPRI), այլ նպատակը հենց ռազմական գործողություններն են` Արցախի դեմ, ՀՀ-ի սահմանների երկայքնով` Տավուշ ու Նախիջևան։

Նրանք դաշտում, պրակտիկայում փորձարկում են այն բոլոր զինատեսակները, որոնք առկա են։ Մեսիջն այն է, որ Արցախը նույնպես ունի բարդ ռելիեֆ, գիշերային ու վատ տեսանելիության պայմաններում, հաշվի առնելով, թե հարձակման հրամանը օրվա որ ժամին է տրվելու, բացի այդ՝ հակագրոհների սցենարը խոսում է այն մասին, որ Բաքուն հաշվի է առնում հայկական զինված ուժերի՝ Ապրիլյան պատերազմից հետո վերազինման մակարդակն ու Քուռ-Արաքսի խառնարան հասնելու մասին բազմաթիվ ռազմական փորձագետների կարծիքները։

Եթե դիտարկենք, թե ինչ զինատեսակներ են գնել ադրբեջանցիները (հակատանկային միջոցներ` թե՛ ռուսական, թե՛ իսրայելական), ինչպես նաև ուժեղացրել են սեփական տանկերն ակտիվ պաշտպանության համակարգերով`հայկական հարձակմանը, եթե այդպիսին լինի, նրանք պատրաստվում են պատասխանել հակատանկային միջոցներով` օդուժով, ինչը զորավարժություններին նույնպես գործարկվում է ու տանկային հակագրոհներով մուտք գործել անվտանգության գոտի, իսկ հնարավորության դեպքում նաև Արցախի բուն տարածք, չնայած անվտանգության գոտին էլ ԼՂՀ անխախտ մասն է կազմում։

Տանկային վտանգավորության ուղղություններ (танкоопасное направление) Արցախում առկա են, ինչն ենթադրում է, որ այդ ուղղություններում պետք է ուժեղացվի հակատանկային բաղադրիչը, գիշերային սարքերն ու ՀՕՊ ուժերը` ցանկացած տանկային գրոհ կամ դիվերսիա ուղեկցվելու է անօդաչուների լայնածավալ գործարկմամբ` հետախուզական, հարվածային` կամիկաձե, գրոհն ու հրետանու կրակը կորեկցիա անելու նպատակներով։

Բացի այդ՝ վտանգավոր է դառնում նաև Նախիջևանը, որը վերածվում է «ամրոցի»։ Այնտեղ տեղակայված ռազմական ներուժը ստիպելու է հայկական կողմից մեծ թվով զորքեր ու զենքեր տեղակայել Սյունիքում, Արարատի մարզում ու Վայոց Ձորում․ դրանք պատերազմի պայմաններում չեն կարողանալու լքել իրենց դիրքերն ու ուղղվել Արցախին օգնության։
Չմոռանանք նաև Գեղարքունիքի մասին, որը սահմանակցում է Ադրբեջանին․ Սևանա լճի ափով են անցնում երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհներ ու ադրբեջանցիները կարող է փորձեն կտրել դրանք ու դուրս գալ Սևանի ափ` իրականացնելով Ալիևի վերջերս արված հայտարարությունները` Սևանի, Սյունիքի, անգամ՝ Երևանի մասին։

Ադրբեջանը փորձելու է հարձակվել կամ հարձակման իմիտացիա ստեղծել երեք-չորս ուղղություններով` հայկական ուժերը «ցրելու», «ապակենտրոնացնելու» համար տարբեր ճակատերում` Տավուշից, Գեղարքունիքով մինչև Սյունիք ու Արարատի մարզ` Երասխավանի վտանգավոր հատվածը։
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու զորավարժություններին պետք է վերաբերվել ոչ թե իրոնիայով, այլ շատ լուրջ` ապրիլյան դասերը քաղելով։