Դեբետի գյուղապետի պաշտոնի համար 4 թեկնածու է առաջադրվել


16:40 , 10 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Լոռու մարզի Դեբետ համայնքում վաղը՝ մարտի 11-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել են 4 թեկնածուներ. Անկուսակցական, համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը, Դեբետի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, հանրապետական Կամո Պետրոսյանը, մշակույթի կենտրոնի տնօրեն, դաշնակցական Արայիկ Սարգսյանը, ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը: Համայնքի գործող ղեկավար Արարատ Քոչարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը:

Շուրջ 900 բնակիչ ունեցող Դեբետ գյուղում չնայած քարոզարշավն ավարտվել է, սակայն գյուղում ոչ քարոզչական պաստառներ են փակցվել, ոչ էլ նախընտրական շտաբներ են բացվել:

Ինքնաառաջադրված 4 թեկնածուներից 3-ը գրեթե հասակակիցներ են: Ինչպես իրենք են նշում, իրենք ոչ թե մրցակիցներ են, այլ ընկերներ: