Կվերանորոգվի Մաշտոցի պողոտայի թունելային մուտքը․ քաղաքապետի հանձնարարականը


18:20 , 26 փետրվար, 2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի տրանսպորտի, շինարարության և բարեկարգման վարչություններին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման  ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Վեոլիա ջուր» ընկերություններին էլ քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների վերագործարկման նախապատրաստական աշխատանքները: