Armenpress.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորը Ախուրյան գյուղից էր, բայց նրա ընտանիքը բնակվում է Ռուսաստանում։ Եղոյանները վերջին տարիներին ապրում էին ՌԴ-ում, իսկ Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար: Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում հերթապահությունը ճակատագրական դարձավ Գրիգորի համար՝ նա զոհվեց թշնամու երկու գնդակից:
«Գրիգորը տան կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Նորմալ ընտանիք են, գյուղում երկհարկանի սեփական տուն ունեն, բայց հիմա Ռուսաստանում են ապրում: Հայրն ավելի վաղ է ՌԴ մեկնել, իսկ մայրը՝ որդու բանակ գնալուց հետո: Շատ լավ ու շնորհքով տղա էր»,-ասել են ախուրյանցիները՝ հավելելով, որ երբ արձակուրդ էր եկել գյուղ, նշում էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, միակ խնդիրը հակառակորդի պարբերական կրակոցներն են: