Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Մադագասկարի միջև վերջին շրջանում հարաբերությունների որոշակի ակտիվությունը հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները լավագույնս համագործակցեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ միմյանց աջակցելով կազմակերպության նախագահությունը ստանձնելու հարցում:
Նախագահը հույս է հայտնել, որ Մադագասկարը, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ, ամենաբարձր մակարդակով կմասնակցի ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև գործարար համաժողով՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներգրավվածությամբ։ Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ գործարար համաժողովը կարող է լավ հնարավորություն ընձեռել զարգացնելու Հայաստանի և Մադագասկարի տնտեսական հարաբերությունները։
Նշելով, որ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար՝ Նախագահ Սարգսյանն արտգործնախարար Անրի Ռաբարի Նջակայի, ինչպես նաև ս.թ. մայիսին նախատեսված՝ Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ է համարել փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար: