ՀԿ-ների՝ որևէ աղբյուրից ֆինանսավորում ստանալը չի կարող դիտվել չափանիշ՝ նրանց անաչառությունը կասկածի տակ դնելու համար. Տիգրան Մուկուչյան


22:20 , 19 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

Տարբեր կազմակերպություններ իրենց առօրյա գործունեության համար տարբեր կերպ են կազմակերպում իրենց ֆինանսական գործունեությունը և ինչ-որ տեղից դրամաշնորh ստանալը չի կարող դիտվել չափանիշ.  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի կարծում, որ տեղական ՀԿ-ների՝ ընտրական գործընթացի վերահսկողություն իրականացնելու համար սահմանափակող չափանիշ պետք է դիտվի այն, թե նա որտեղի՞ց է ստանում իր ֆինանսավորումը:

Tert.am–ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահի աշխատակազմից դրամաշնորhներ ստացող ՀԿ-ների դիտորդները որքանո՞վ անաչառ կլինեն ընտրական վերահսկողություն իրականացնելիս, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Յուրաքանչյուր կազմակերպություն էլ իր գործունեության ընթացքում կարող է տարբեր աղբյուրներից ստանալ ֆինանսավորում: Դա չափանիշ չէ որևէ կազմակերպության անաչառությունը կասկածի տակ դնելու համար»:

Հիշեցնենք, որ Factor.am կայքը ուսումնասիրելով 2017-ի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին դիտորդական վերահսկողություն իրականացնող  49 տեղական հասարակական կազմակերպությունները (ընդհանուր ունեցել են 28921 դիտորդ)  տարակուսել էր, որ այդ ՀԿ-ների հիմնական մասը տարիներ շարունակ նախագահի աշխատակազմի, տարբեր պետական կառույցների մշտական դրամաշնորհներ ստացողներն են և որոնցից շատերն անգամ հրապարակային հայտարարել են ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին:


Համեմատությունը, որ նույն պարագայում որևէ մեկը հիմքեր կունենար կասկածի տակ դնելու այն լրատվամիջոցի գործունեությունը, որը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, անհատներից ֆինանսավորում ստանար, և լուսաբաներ, ըստ Մուկուչյանի, տեղին չէ:

Դիտարկմանը, որ Հայաստանում ընտրությունների նկատմամբ անվերահսկողության  ֆոնին, տպավորություն  է, որ  ԿԸՀ նախագահն այս հարցում ավելի շատ  տուրք է տալիս ձևին, քան բովանդակությանը և հղում անելով օրենքին, նշում է, որ նման սահմանափակում չկա, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ  դիտորդական կազմակերպությունների դերն ընդամենը սեփական դիտարկումների հիմքով գնահատականի ներկայացումն է, և մյուս կողմից, ընտրական գործընթացի ամենաակտիվ մասնակիցները քաղաքական ուժերն են:

«Եվ եթե կան ինչ –ինչ խախտումներ, թերություններ, ապա դրանց մասին առաջին բարձրաձայնողները պետք է լինեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք լայն հնարավորություններ ունեն այս առումով»,–պատասխանեց Տիգրան Մուկուչյանը:

Մյուս կողմից, ԿԸՀ նախագահն արձանագրում է, որ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնում են  եռաստիճան ընտրական համակարգով ՝ընտրական հանձնաժողովները, իսկ այդ ողջ գործընթացի նկատմամբ հանրային լայն վերահսկողության հնարավորությունը տրված է ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, այնպես էլ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այսինքն՝ դիտորդների ու վստահված անձանց միջոցով:

Ըստ factor.am-ի՝ 28 հազար անձինք կեղծ դիտորդներ են, որոնք սպասարկել են իշխող քաղաքական ուժին: Լրատվամիջոցը նաև տարակուսել էր, թե  ինչո՞ւ ՀԿ-ները, որոնք  նախկինում իրականացնում էին հիմնականում մշակութային, առողջապահական, ռազմա-հայրենասիրական դաստիարակության միջոցառումներ՝ պետական բյուջեից ստացված դրամաշնորհներով, հանկարծ որոշեցին ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։