Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին


20:50 , 19 փետրվար, 2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցությունը հատկապես ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում և ընդգծել, որ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպան Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել համագործակցության հնարավոր ծրագրերով ու նախարարության առաջնահերթություններով:

Դեսպանի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է պրոբացիոն ծառայության կարողություններին, անչափահասների արդարադատությանն ու ՔԿՀ-ներում առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել Շվեդիայի կողմից տարածաշրջանում իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված հնարավորությունները: