Ավստրալիայում կենգուրուն կոտրել է որսորդի ծնոտը


23:00 , 17 փետրվար, 2018

Ավստրալիայում կենգուրուն կոտրել է 19-ամյա որսորդ Ջոշուա Հայդենի ծնոտը, ով իր վրա զենք է պահել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Ավստրալիա նահանգի Քելլերբերրին շրջանում: Երիտասարդն իր եղբոր հետ որսի է գնացել, որոշել է կենգուրու սպանել:

Երբ Հայդենը նշան է բռնել երկու կենգուրուների վրա, կենդանիներից մեկը թռել է ավտոմեքենայի վրա՝ ճանապարհին հարվածելով որսորդի գլխին: Հայդենը կես րոպեով կորցրել է գիտակցությունը, իսկ երբ ուշքի է եկել, մտածել է, որ իրեն եղբայրն է հարվածել:

Հիվանդանոցում երիտասարդին հայտնել են, որ նրա ծնոտը կոտրված է: Նրան կկարողանան վիրահատել միայն 10 օր անց, երբ դեմքի այտուցը վերանա: