Վրաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները


23:20 , 16 փետրվար, 2018

Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։

Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված աճը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի։

Դմիտրի Կումսիշվիլին կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։

Դեսպան  Սադոյանն իր հերթին նշել է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին և ընդգծել, որ վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում։

Անդրադառնալով զբոսաշրջության թեմային՝ նախարար Կումսիշվիլին ներկայացրել է այդ ուղղությամբ վրացական իշխանությունների կողմից տարվող ակտիվ քաղաքականությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։