Տեառնընդառաջ. փետրվարի 14-ի՞ն, թե՞ 13-ին


10:42 , 13 փետրվար, 2018

Շատ հաճախ, երբ հավատացյալները հարցնում են, թե երբ է Տեառնընդառաջը, և լսում պատասխանը՝ փետրվարի 14-ին, զարմանում են՝ արձագանքելով, թե արդյո՞ք օրն այս տարի փոխվել է։ Իրականում տոնի օրը չի կարող փոխվել, և Հայ առաքելական եկեղեցին այն միշտ տոնում է անխախտ փետրվարի 14-ին։

Տոնը քառասնօրյա Մանուկ Հիսուսին տաճարին ընծայման խորհուրդն է, ուստի Հիսուսի ծնունդից հաշված քառասուն օր՝ լինում է փետրվարի 14-ը։ Այս հարցում մարդկանց շփոթության մեջ է գցում Տեառնընդառաջի խարույկը, որը վառվում է փետրվարի 13-ի երեկոյան։

Բանն այն է, որ, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Հետևաբար փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է։ Այսինքն՝ Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։