Լ՛Անս-օ-Մեդոուզ. վիկինգներն այստեղ են բնակվել ավելի վաղ, քան Կոլումբոսը «հայտնաբերեց» Ամերիկան


21:00 , 10 փետրվար, 2018

Ամերիկա մայրցամաքի հայտնագործման պաշտոնական տարեթիվը 1492-ն է, երբ Քրիստոփոր Կոլումբոսն առաջին անգամ ոտք դրեց այստեղ: Սակայն ժամանակակակից հնագիտական պեղումները շատ պատմաբանների ստիպել են վարկած առաջ քաշել, որ Ամերիկան եվրոպացիների կողմից հայտնաբերվել է դրանից դեռևս 400 տարի առաջ՝ վիկինգների դարաշրջանում: Լ՛անս-օ-Մեդոուզը, որը հայտնաբերված հնագույն բնակավայրն է վիկինգների կողմից, գտնվում է Կանադայում:

Իրականում այն փաստը, որ վիկինգներն այցելել են ժամանակակից Կանադայի տարածք, մարդկանց համար վաղուց այլևս գաղտնիք չէ: Դրա մասին մանրամասնորեն խոսվում է քրոնիկաների մեջ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մոտ 860 թ. միջնադարյան սկանդինավյան ծովագնացները ծովային ճանապարհորդության ընթացքում արևմուտքում կղզի հայտնաբերեցին, որի մեծ մասը սառույցով էր պատված: Հենց այդ պատճառով էլ այն անվանեցին Իսլանդիա («Սառցե երկիր»): Ծովագնացներն այս վայրում գաղութ հիմնեցին և մայրցամաքի մյուս մասերի հետ առևտուր սկսեցին: Մի օր էլ վիկինգների նավը, որը լողում էր դեպի Իսլանդիա, փոթորկի հետևանքով շեղվեց նախատեսված ուղուց և սկսեց լողալ դեպի արևմուտք, որտեղ նավի անդամները կղզի հայտնաբերեցին: Վերջինս այսօր կոչվում է Գրենլանդիա: Վերադառնալով ցեղակիցների մոտ՝ նավում գտնվողներն ակտիվորեն սկսեցին պատմել նոր հայտնաբերված հողերի մասին: Վերջիններիս մասին լուրերը հասան նաև նորվեգացի վիկինգ Էրիկ Ռիժիյին, ով իր թիմի հետ միասին հյուսիսարևմտյան հողերի ուսումնասիրություն որոշեց կազմակերպել: Երկար ծովագնացությունից հետո նրանք վերջապես գտան Գրենլանդիա կղզին: Մայրցամաք վերադառնալով՝ Էրիկը նոր հողերի գաղութացման համար կամավորներ հավաքեց, և 986 թ. ներգաղթյալների խումբը վերաբնակեցվեց Գրենլանդիայում, գաղութ ստեղծեց և Սկանդինավիայի հետ առևտուր սկսեց:

Գրենլանդիայում բնակավայր հիմնելուց հետո վիկինգները վաղ թե ուշ կհայտնաբերեին Հյուսիսային Ամերիկան ևս: Սա տեղի է ունեցել մեր թվարկության առաջին հազարամյակի վերջում, երբ նավերից մեկը կրկին փոթորկի հետևանքով շեղվեց ճանապարհից և նոր հողեր հայտնաբերեց: Ավելի ուշ այնտեղ ուղարկվեցին մի քանի փորձախմբեր և մոտ 1000 թվականին Նոր աշխարհ ոտք դրեց առաջին եվրոպացին՝ Լոյֆ Էրիկսոնը՝ Էրիկ Ռիժիյի որդին:

Վինլանդ. հենց այսպես անվանվեցին Հյուսիսային Ամերիկայի հողերը սկանդինավյան գրողների աշխատություններում: Հենց դրանցից ենք մենք իմանում Գրենլանդիայի գաղութացման և դրա տարածքում այլ տարածքային հայտնագործությունների մասին: Գրություններում նաև նշվում է, որ վիկինգները երկու անգամ փորձել են գաղութացնել նոր հողերը, սակայն երկու անգամ էլ հաջողության չեն հասել: Ավելի ուշ վիկինգները հեռացան նաև Գրենլանդիայի տարածքներից: Դրա պատճառը, ըստ էության, սառող կլիման էր:

Մինչ վերջերս Վինլանդի մասին վիկինգների սագաները համարվում էին հորինվածք, չնայած որ ճշմարտացի էին թվում: Դա հետևում է այն բանից, որ հնագետները չեն կարողանում 1000 թվականին թվագրվող եվրոպացիների բնակավայրերի հետքեր գտնել: Հետազոտող Հելգե Մարկուս Ինգստադը ողջ կյանքի ընթացքում փորձել է վիկինգների բնակավայրեր հայտնաբերել, որոնք պետք է հիմնված լինեին Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերին: Վերջապես, 1960 թ. հետազոտողին հաջողությունն այցելեց: Փոքրիկ գյուղում՝ Լ՛անս-օ-Մեդոուզում հայտնաբերվեցին դարբնոցներ, գետնատներ, բրոնզե տարատեսակ իրեր: Միանգամից կասկած առաջացավ, որ սա հենց այն բնակավայրն է, որը հիմնել է Լեյֆ Էրիկսոնը: Ներկայումս ամերիկյան մայրցամաքում վիկինգների բնակավայրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և հատուկ հսկողության տակ է գտնվում: Սա կարևորագույն ապացույցն է այն բանի, որ վիկինգներն ամերիկյան տարածքներ են այցելել շատ ավելի վաղ, քան Քրիստոփոր Կոլումբոսը: