ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը Սիրիայում


09:21 , 10 փետրվար, 2018

2011թ.-ից Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ունեն նաև տնտեսական պատճառներ:
2018 թ.-ի փետրվարի 8-ին համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ մեկ օր առաջ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգում ռմբակոծման է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխարհազորայիններին, որի արդյունքում սպանվել է 100-ից ավել մարդ: Դրանից հետո ԱՄՆ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց և հաստատեց ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը: Պաշտոնական Վաշինգտոնը նաև բացահայտել է, թե ինչու է նա դիմել այդ քայլին: Պարզվում է՝ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սիրիացի քրդերի «Սիրիայի Ժողովրդական ուժերի»՝ SDF-ի նստավայրերից մեկը հարձակման է ենթարկվել Ասադի կողմնակիցների կողմից, որի ժամանակ այնտեղ են գտնվել նաև ամերիկացի զինվորական խորհրդականները: Պաշտոնական Վաշինգտոնն, այսպիսի բացատրություն տալով, իրականում փորձում է թաքցնել, թե ինչու է այդպես դաժան պատժել Ասադի կողմնակիցներին: Իսկ պատճառը տնտեսական է, ավելի ճիշտ՝ նավթը և գազը:

Այս պահի դրությամբ Սիրիայում ամերիկացիներին կոնկրետ հետաքրքրում են Ալ-Հասաքա և Դեյր-էլ-Զոր նահանգների քրդերի կողմից վերահսկվող տարածքները, որոնք հարուստ են նավթի և գազի պաշարներով: Պատահական չէ, որ փետրվարի 7-ին տեղի ունեցած իրադարձությունները գրանցվել են Դեյր-Էլ-Զոր քաղաքից մի քանի կիլոմետր դեպի արևելք գտնվող «Էլ Իսբա» նավթամշակման գործարանի մոտ, որտեղ են գտնվում նաև նավթի և գազի խոշոր համանուն հանքահորերը: Ամերիկացիները, հարվածելով Ասադի աշխարհազորայիններին, վերջինիս և նրա թիկունքում կանգնած Իրանին և ՌԴ-ին հասկացրին, որ թույլ չեն տա անցնել Ռուբիկոնը: Իսկ այդ Ռուբիկոնը Եփրատից արևելք ընկած տարածքներն են, որոնք գտնվում են Վաշինգտոնի դաշնակից սիրիացի քրդերի ձեռքում: Այդտեղ են գտնվում «Ջաբիսա» գազի և նավթի հանքերը, համանուն նավթամշակման գործարանը, «Հյուսիսային Աթալա», «Սիջան», «Ջարնոֆ», «Շայթադ», «Մարադ», «Հարավային Քիշմա» և այլ խոշոր նավթի հանքեր: Վաշինգտոնը, ով մեծ ջանքեր է գործադրել Սիրիայի կազմաքանդման համար, թույլ չի տա որևէ մեկին իրենից խլել այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված հարստությունը: Այս հանգամանքով է պայմանավորված նաև ամերիկացիների քրդասիրությունը և քրդամետությունը:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Աֆրինում, բնակվող քրդերը տուժեցին նաև այն պատճառով, որ այդ տարածաշրջանում նավթ և գազ չկա: Համոզված եմ՝ եթե այդտեղ էլ նավթի և գազի հարուստ պաշարներ լինեին, ԱՄՆ-ն թուրքերին թույլ չէր տա այդտեղ երևալ, իսկ Վաշինգտոնի հորդորներն անտեսելու դեպքում Աֆրինի վրա հարձակվող թրքամետ ահաբեկչական կազմակերպությունները կարժանանային նույն ճակատագրին, ինչ Ասադի աշխարհազորայինները:

Ի դեպ՝ Սիրիայի նավթագազային հարստության մյուս մասն էլ վերահսկվում է Ասադի, իրանցիների և ռուսների կողմից: Դրանք գտնվում են Ռաքքայի հարավում, Հոմս նահանգում և Դեյր-Էլ-Զոր նահանգի արևմուտքում:
Այսպիսով՝ Մոսկվան, Թեհրանը և Վաշինգտոնը Սիրիայի տարածքը տնտեսական շահերը հաշվի առնելով են նաև բաժանել, և որևէ մեկի կողմից ստատուս քվոյի խախտման փորձերը բերում են մյուս կողմի ագրեսիվ հակառեակցիայի: Փաստենք, որ միայն Անկարայի վերահասկողության տակ գնվող Սիրիայի տարածքներում չկան նավթի և գազի հանքեր:

ՀԳ. Վաշինգտոնը 2003թ.-ին Իրաքը դե ֆակտո կազմաքանդելուց և իրաքյան նավթը սեփականաշնորհելուց հետո իր տոտալ վերահսկողության տակ վերցրեց նաև քուվեյթյան և քաթարյան նավթաշուկաները, իսկ 2011թ.-ից էլ ամերիկացիներն «Արաբական գարուն» պրոյեկտի միջոցով գրպանեցին լիբիական հարուստ նավթային շուկան: