2017 թ. ծանր հանցագործությունները նվազել են. ՀՀ գլխավոր դատախազ


16:40 , 9 փետրվար, 2018

Panorama.am-ը գրում է.

2017 թվականի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է 20 285 հանցագործություն: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017-ին կատարված աշխատանքները, այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ այս ցուցանիշը 1 521-ով կամ մոտ 8.1 տոկոսով ավելի է 2016 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից:

«Մենք բավականին խորը վերլուծություն ենք կատարել այս ուղղությամբ, մեր գնահատականն այն է, որ այս պատկերը միանշանակ վկայում է հանցագործությունների հաշվառման և հանցագործների հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին: Նախ՝ էական աճ արձանագրվել է ոչ մեծ ծանրության, որոշ չափով նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքում: Մոտ 1600-ով աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Դրան զուգահեռ, էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները»,- ասաց Դավթյանը:

2017 թ. ծանր հանցագործությունները նվազել են 11.4 տոկոսով, առանձապես ծանր հանցագործությունները` 33-ով կամ 16.7 տոկոսով: Գլխավոր դատախազը նշեց՝ վիճակագրությանը նայելիս՝ ակնհայտ է դառնում, որ նախ աճել են այն հանցագործությունները, որոնք մշտապես աչքի են ընկել լատենտայնության բարձր մակարդակով: Մասնավորապես, էական աճ կա կոռուպցիոն հանցագործությունների գծով, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում արձանագրված հանցագործություններով, ճանապարհատրանսպորտային պատահարների կամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում կատարված հանցագործություններով:

«Տարիներ շարունակ հանցագործների հաշվառման համար պատասխանատու պետական մարմիններում գործելաոճ է եղել երբեմն թաքցնելու առանձին հանցագործությունները, դրանք չհաշվառելու: Սրա պատշաճ արձագանքն ապահովվել է: ՀՔԾ-ի վարույթում քննված բազմաթիվ քրեական գործերով քրեական հետապնդումներ են իրականացվել, դատի են տրվել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հատկապես այդ հանցագործությունների դեպքերը թաքցնելու գործառույթներ կամ գործողություններ են իրականացրել: Այս առումով, 2017 թվականի ընթացքում մենք  հանցագործների հաշվառման գործընթացի նկատմամբ ամենօրյա և պարտադիր ամենամսյա հսկողություն էինք իրականացնում: Դատախազական հսկողության տվյալներից մեզ համար արդեն պատկերը պարզ է, որ այս առումով մենք ունենք էական բարելավում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։