Բոլոր քաղաքներում լուրջ կարիք կա մարդկանց հավաքելու, խոսելու, կիսվելու


14:53 , 9 փետրվար, 2018

Ժամանակները փոխվում են – 4: 

Մոտ 10 տարի առաջ Երևանում կազմակերպվում էր առավելագույնը մեկ բիզնես միջոցառում: Էլ չեմ ասում մարզերի մասին: Ընտրելու հնարավորություն չկար. կա՛մ գնում ես, կա՛մ ոչ: Իսկ հիմա ամեն օր մի քանի սեմինար, դասընթաց, կոնֆերանս, կլոր սեղան, քննարկում, ներկայացում, խաղեր, վեբինարներ և այլն, և այլն: Ինչքան շատ, այնքան լավ:

5 տարի առաջ, երբ Ֆեյսբուքում որևէ իվենթ էր դրված, արդեն իրադարձություն էր: Հիմա ամեն օր Ֆեյսբուքը հիշեցնում է, որ դու և քո, ասենք, 250 ընկերները հետաքրքրված են 15 տարբեր իվենթով: Արդեն լավ է: Արդեն կարողանում ես ընտրել, համեմատել, որոշում կայացնել, թե որ միջոցառմանը մասնակցես: Տարբեր թեմաներ, տարբեր մոտեցումներ, տարբեր գաղափարներ, որոնք հնարավորություն են տալիս շփվելու և ծանոթանալու ավելի շատ մարդկանց հետ, գտնելու քո ուզած գիտելիքը, կիսելու քո փորձառությունը, ձեռք բերելու նոր ունակություն: Հնարավորությունները շատ են, միայն մնում է օգտագործել այդ հնարավորությունները:

Նաև այս ամենը պետք է տեղափոխել մարզեր: Գյումրիում, շնորհիվ տեխնոլոգիական կենտրոնի, այս հարցը կարելի է համարել, որ լուծման ճանապարհին է: Բոլոր քաղաքներում լուրջ կարիք կա մարդկանց հավաքելու, խոսելու, կիսվելու: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն օր երևանյան գոնե մեկ միջոցառում կազմակերպվեր գոնե մեկ մարզկենտրոնում: Այնպես որ, ժամանակն է ( և արդեն վաղուց) տեղափոխվելու դեպի մարզեր: