ՄԱԿ-ը լուրջ անհանգստություն է հայտնել Աֆրինում բնակվող քաղաքացիների վերաբերյալ


22:00 , 30 հունվար, 2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈւ կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ֆահրան Հաքը նշել է, որ իրենց հատկապես անհանգստություն են պատճառում թուրքական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների մահերը, որոնց մասին խոսվում է մամուլում:

«Երեկ տեղեկացանք Աֆրինի շրջանի Սեյհ, ալ Հադիդ և Քոբալի գյուղերի վրա իրականացված հարձակումների մասին, որտեղ զոհեր էին գրանցվել»,- նշել է Հաքը:

Ֆահրան Հաքը ՄԱԿ-ի անունից հակամարտող կողմերին կոչ է արել խնայել և պահպանել խաղաղ բնակչությանը, հարգել նրանց ազատ տեղաշարժի իրավունքը:

«ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին պահպանել խաղաղ բնակչությանը, նրանց ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և հարգել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակը: