Վարչապետն ու նախագահը հարևաններ կլինեն


11:40 , 30 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հայտնել ենք, որ, ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած նախագծով, ՀՀ նոր նախագահի նստավայրը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում: Նոր նախագահի ծառայողական առանձնատունն էլ կլինի Ձորափի 74 հասցեում (4-րդ մասնաշենք):

Առաջարկվող փոփոխություններով՝ նոր վարչապետի առանձնատունը նույնպես կլինի Ձորափի 74 հասցեում (3-րդ մասնաշենք): Վարչապետի նստավայրն էլ կլինի Բաղրամյան 26-ում՝ ՀՀ ներկայիս նախագահի նստավայրում: 

Վարչապետին նույնպես կտրվի պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը,  հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով անձնական բժիշկ կառանձնացվի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վարչապետի աշխատակազմը (որը չի կարող գերազանցել 600-ը) կարող է ունենալ պահուստային ֆոնդ` ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: