Թեհրանը Ասթարա-Ասթարա երկաթուղային կամրջի շահագործման հարցում դեռ որոշում չի կայացրել


19:37 , 29 հունվար, 2018
Իրանի և Ադրբեջանի Ասթարա բնակավայրերը միմյանց կապող երկաթուղային կամրջի շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Իրանի Ասթարա գյուղաքաղաքի ղեկավարը, անդրադառնալով վերոնշյալ նախագծին, խոսել է ինչ-որ խոչընդոտների՝ մանրամասնելով, որ տարբեր օղակներում ղեկավար անձանց կողմից նշված նախագծի շահագործումը կասեցնելու գործընթացն «անընդունելի է», որոնք տարատեսակ խոչընդոտներ են ստեղծում:
Ուշագրավ է, որ Ասթարայի ղեկավարը վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ անգամ է խոսում դրա մասին, ինչը նշանակում է, որ Իրանը որոշակի հարցեր ունի դեռ ճշտելու Բաքվի հետ: Դրանք բազմաթիվ են՝ վիզային ռեժիմից սկսած, մինչև Իսրայել-Ադրբեջան հարաբերություններ:
Սակայն այս համատեքստում ուշագրավ է, որ նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներքո գործող տեղեկատվական ռեսուրսներից մեկը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերաբերյալ՝ նշելով, որ Էր Ռիադը նպատակ ունի Բաքվում բացել սաուդական խոշորագույն առևտրային կազմակերպություններից մեկի տարածաշրջանային ներկայացուցչությունը: