«Ժողովուրդ». Դիզվառելիքի և սեղմված գազի գնաճը մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ կդառնա


09:50 , 27 հունվար, 2018
«Բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ դառնալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետևանքները թողնի դիզվառելիքի և սեղմված գազի թանկացումը:
 
«Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետև հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռևս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- ասել է նա` հավելելով որ առաջիկայում կամփոփեն հունվար ամսվա ցուցանիշները և որոշում կկայացնեն:
 
Մասնագետների պնդմամբ` նույն խնդրի առաջ են կանգնած մի շարք այլ տնտեսվարողներ ևս, ու եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա ամիսներին նրանք էլ կամաց-կամաց կսկսեն բարձրացնել իրենց արտադրանքի գները»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: