Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում. Հովհաննիսյան


17:00 , 22 հունվար, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին Արմենպրեսին պարզաբանել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ըստ ժամանակագրության՝ առաջինն ընտրվելու է հանրապետության նախագահը՝ մարտի 2-ին: «Ընտրությունից հետո որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետև գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Այդ օրը ԱԺ հատուկ նիստում ՀՀ ընտրված 4-րդ նախագահը կստանձնի իր լիազորությունները: Այդ նույն օրը կառավարությունը կներկայացնի հրաժարական»,- պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ Սահմանադրության, ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Ազգային Ժողովի խմբակցությունները կներկայացնեն վարչապետի թեկնածու: Ինչից հետո ԱԺ հաջորդ նիստում՝ մայիսի առաջին շաբաթ, տեղի կունենա վարչապետի ընտրությունը խորհրդարանում, որը տեղի է ունենալու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Այժմ առաջադրված է ՀՀ նախագահի երկու թեկնածու: Նրանցից մեկը "Ելք" դաշինքի խմբակցության պատգամավոր, հայտնի իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն է, իսկ մյուսը՝ իշխող ՀՀԿ-ի առաջադրած Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը: