Մսակե՞ր, թե՞ բուսակեր. ճիշտ է արդյոք այդքան նորաձև դարձած բուսակերությո՞ւնը, թե՞ ավանդական մսակերությունը


09:00 , 20 հունվար, 2018

Ընդհանուր առմամբ, եթե մի կողմ դնենք կրոնական կամ գաղափարախոսական մտքերն, ապա մարդու նյութափոխանակությունը, զուտ անատոմիական և ֆիզիոլոգիական կառուցվածքով, ի զորու է մարսելու հնարավոր ամեն ինչ: Իրականում պետք չէ շեշտադրել միս, թե բանջարեղեն, այլ կարևորել, թե ինչ չափաքանակի սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր պետք է ստանա օրգանիզմը սննդի միջոցով:

Ասում են՝ բուսակերների մոտ վիտամինների պակաս կա: Տարբերությունն այն է, որ ուղղակի անհրաժեշտ ամինաթթուների քանակը ստանալու համար մսակերին բավական է մեկ բիֆշտեքսը, իսկ բուսակերին՝ մեծ տարա սոյայի սոուսը:

Իսկ ահա արդեն բուսակերներին պետք կլինի հավելյալ վիտամիններ կուլ տալ: B12 վիտամինը բուսակերները ոչնչից չեն կարող ստանալ, քանի որ վերջին տարբերակը կաթն ու ձուն են, ինչը նրանք չեն օգտագործում:

Նշում են նաև, որ մսակերների մոտ քաղցկեղի առաջացում ավելի հաճախ է հանդիպում: Բայց դա վերաբերում է հիմնականում կրակի վրա եփված մսի հաճախ օգտագործմանը: Մսակերներն ավելի հաճախ են առնչվում խոլեստերինի խնդրին:

Բայց համարվում է լեգենդ այն միտքը, որ մսակերներն ավելի ագրեսիվ են: Բայց, իհարկե, դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելի շատ նախընտրություն տալ բանջարեղենային սննդին և քչացնել մսայինի օգտագործումը, բայց այն լիովին բացառել պետք չէ:

Գիտնականները ոչ մի վատ բան չեն տեսնում մսակերության մեջ, ուղղակի յուրաքանչյուր տեսակ սննդի հարցում պետք է ճիշտ կարգավորել սննդի ընդունումը: