Tert.am-ը գրում է.
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ Իրանի հետ համագործակցության արդյունքում Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանը ՀԷԿ-եր կառուցելու մեծ հնարավորություն չունի: «Այն, ինչ ուներ, արդեն օգտագործել է: Հետագայում սկսեցին փոքր ՀԷԿ-երի կառուցում, ինչը, իմ կարծիքով, շատ սխալ էր: Միակ իրատեսականը և ռազմավարական նշանակություն ունեցողը Մեղրու ՀԷԿ-ն է, որի մասին քննարկումները վաղուց են սկսվել: Կարծում եմ՝ հիմա խոչընդոտ չի լինի դրա գործարկման համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մեղրի ՀԷԿ-ը Հայաստանի և Իրանի սահմանին՝ Արաքս գետի վրա կառուցվող ՀԷԿ է՝ Մեղրի քաղաքում։ Շինարարությունը սկսվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին, վերջնաժամկետը՝ 2017 թվական։ Դեռ 2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԻԻՀ էներգետիկայի նախարարության ﬕջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրուﬓերի վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 15-ին կայացել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը: Քննարկվել է երկու երկրների միջև մի շարք խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, որոնց թվում էին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի, Մեղրիի ՀԷԿ-ի, Հայաստանի տարածքում հողմակայանների կառուցման և այլ հարցեր:
Վերջին շրջանում այս քննարկումների ակտիվացումը, ըստ Արմեն Մանվելյանի, դրական միտումների և Մեղրու ՀԷԿ-ի նախագծի իրականացման հավանականության մասին են խոսում: «Տիգրան Սարգսյանի ժամանակ միջկառավարական համաձայնագիրը կնքվեց: Չեմ կարծում, որ հիմա խոչընդոտ լինի: Նախատեսված է երկու ՀԷԿ-ի կառուցում․ մեկը Իրանի համար, մյուսը՝ Հայաստանի: Ֆինանսավորման հարցն էլ լուծված է․ իրանական կողմը դա իր վրա է վերցրել»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։