Մելանխոլիայի կամ դեպրեսիայի բուժման պատմական արտասովոր եղանակները


21:00 , 16 հունվար, 2018

Դեպրեսիա հանդիպում է աշխարհում միլիոնավոր մարդկանց մոտ: Այն տրամադրության խանգարումն է, որն իր հետևանքներն է ունենում նաև մարմնի, կյանքի, տարմադրության և մտածողության վրա: Քչերն են գիտակցում, որ սա իսկապես հիվանդություն է, և այն բուժել է հարկավոր: 

Այսօր բժիշկները դեպրեսիայի բուժման համար տարբեր միջոցներ են առաջարկում՝ արևի լույս, ծիծաղ, տարբեր վիտամիններ, արոմաթերապիա, յոգա, ֆիզիկական վարժություններ և այլն: Իսկ ինչպե՞ս են նախկինում բուժել դեպրեսիան: Ձեզ ենք ներկայացնում բուժման պատմական մի քանի եղանակներ: 

«Մելանխոլիա» բառը («դեպրեսիա» տերմինը ավելի ուշ է օգտագործման մեջ մտել) եկել է հունարենից և տառացի թարգմանությամբ նշանակում է «սև լեղի»: Այն առաջին անգամ օգտագործել է Հիպոկրատը. «Եթե վախի զգացումը շատ երկար է շարունակվում, ապա նշանակում է, որ մելանխոլիա է սկսվելու… Վախն ու վիշտը եթե շարունակվում են և չեն առաջացել կենցաղային հողի վրա, ապա գալիս են «սև լեղուց»: Հիպոկրատը նշել է հնարավոր ախտանիշները՝ անքնություն, դյուրագրգռություն, անհանգստություն, երբեմն նաև սննդի հանդեպ հակակրանք:

Սա բուժելու համար Հիպոկրատը հատուկ սննդակարգեր մշակեց և բուժիչ խոտեր գտավ, որոնք հանգստացնում էին և ազատում օրգանիզմը սև լեղուց: «Այդպիսի հիվանդին հարկավոր է veratrum անունով դեղաբույս տալ, մաքրել գլուխը, մի քանի դեղահաբ տալ, այնուհետև այծի կաթ խմեցնել: Եթե նա թույլ չէ, ապա քիչ մթերք պետք է օգտագործի: Ուտելիքը պետք է լինի սառը, հանգստացնող, այլ ոչ թե աղի, յուղոտ կամ քաղցր: Հիվանդը գինի չպետք է խմի, այլ պետք է բավարարվի ջրով, իսկ եթե չի կարողանում, գինին խառնի ջրի հետ: Հարկավոր չէ մարմնամարզություն, զբոսանք»:

Հիպոկրատի հակառակորդներն այս հարցում դարձան Սոկրատը, այնուհետև՝ Պլատոնը: Նրանք այս եղանակները շատ մեխանիկական էին համարում և կարծում էին, որ մելանխոլիան պետք է փիլիսոփաները բուժեն: Մեր օրերում Հիպոկրատը կնախընտրեր հակադեպրեսանտները, իսկ Պլատոնն ու Սոկրատեսը՝ հոգեբուժությունը:

Միջնադարյան փիլիսոփաները մելանխոլիան ավելի ծանր էին տանում, քան բարեհոգի հույները: Այդ ժամանակներում հուսահատությունը մտնում էր մահացու մեղքերի մեջ: Աստվածաբան Եվագրիյ Պոնտիյսկին գրում է. «Հուսալքության դևը բոլոր սատանաներից ամենավտանգավորն է: Նա կուսակրոնների մոտ է գալիս ժամը չորսից ութը: Բացի այդ՝ դևը կուսակրոններին ստիպում է զգալ, թե արևը ավելի դանդաղ կամ առհասարակ չի շարժվում, և օրը դառնում է հիսունժամանի: Այն ստիպում է ատել աշխատանքը և միտքն այն մասին, որ կարող է սեր գոյություն ունենալ»։

Հիլդեգարդա Բինգենսկայան, ով միստիկ գրքերի հեղինակ է, կուսակրոն կին և գլուխ է հանում բժշկությունից, մելանխոլիան է համարում Ադամի՝ մեղք գործելու պատճառը։

Համարվում էր, որ մելանխոլիան առաջանում է անգործությունից, հետևաբար անհրաժեշտ էր մեծ ֆիզիկական աշխատանքներ կատարել և աղոթել, որպեսզի ժամանակն անիմաստ չանցներ։

Գոյություն ուներ բուժման մեկ, տարածված եղանակ ևս, որը կոկաինի օգտագործումն էր: «Բուժման» այս եղանակը հատկապես քարոզում էր Զիգմունդ Ֆրեյդը, ով 19-րդ դարի 80-ական թվականներին ակտիվ փորձարկումներ էր կատարում կոկաինով, առաջին հերթին՝ իր վրա։ Բժշկական ամսագրերում նա մի շարք հոդվածներ էր հրապարակում սրա մասին և համարում էր, որ կոկաինը բուժում է յուրաքանչյուր հիվանդություն՝ մելանխոլիայից մինչև ալկոհոլամոլություն, սննդային խանգարումներից մինչև սեռական խնդիրներ։ «Այս միջոցը հաճելի զգացողություններ է առաջացնում  և շարունակական էյֆորիա է պարգևում, որը ոչնչով չի տարբերվում առողջ մարդու սովորական էյֆորիայից։ Անձը հավասարակշռության բարձրացում է զգում, էներգետիկ արդյունավետություն է ստանում։ Տպավորություն է ստեղծվում, որ տրամադրությունը, որը հաղորդում է կոկը, վերացնում է դեպրեսիայի հանգեցնող բոլոր ֆիզիկական գործոնները»,- ասել է Ֆրեյդն իր «Կոկի մասին» հոդվածում։ Կոկաինի վնասակարության մասին սկսել են խոսել միայն մի քանի տարի անց, սակայն այն որպես դեղամիջոց շարունակել են օգտագործել դեռ տասնյակ տարիներ։