Հոսպիտալացվել է 700 մարդ, 96 տոկոսը՝ երեխաներ. շնչառական վարակների փունջ է շրջանառվում


19:20 , 16 հունվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօրվա դրությամբ հանրապետության բոլոր հիվանդանոցներում հոսպիտալացված են գրեթե 700 սուր շնչառական վարակներով հիվանդ, որից թոքաբորբերը կազմում են 21 տոկոսը: Այս մասին «Ազատություն» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ հոսպիտալացվածների 96 տոկոսը 0-ից 4 տարեկան երեխաներն են: «Խնդիրն այն է, որ երեխաներն ունեն իմունային համակարգի ձևավորման խնդիր, ուստի ավելի խոցելի են: Նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելի բարձր է հիվանդացության ցուցանիշը, քանի որ նախորդ տարի նոյեմբերին գրանցվեց գրիպի պիկը»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ հանրապետությունում բացի գրիպից, շնչառական վարակների փունջ է շրջանառվում: Թորոսյանի խոսքով՝ բոլոր խոցելի խմբերի համար առողջապահության նախարարությունն անվճար պատվաստում է իրականացնում:

Մասնագետը խորհուրդ տվեց նվազագույնի հասցնել շփումները, իսկ գրիպով հիվանդ բալիկ ունեցողներին խորհուրդ տվեց փոքրիկին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց: