Քաղաքի աղմուկից և առօրյա կյանքի խնդիրներից հանգստանալու համար Մերձավոր Արևելքի տուրիստական գլխավոր կենտրոն Դուբայում ստեղծվում են այլընտրանքային տարբերակներ՝ ստորջրյա բնակավայրեր: Այնուամենայնիվ, ստորջրյա հիասքանչ տեսարաններով շրջապատված ապրելը դեռևս անիրական է թվում շատերի համար:
2018 թվականին Դուբայում կբացվեն ապակե պատերով 40 վիլլաներ, որոնցից յուրաքանչյուրը կունենա 3 հարկ: Հարկերից երկուսը կգտնվեն ջրի մակերևույթից վերև, որոնց արևոտ սենյակներից և գեղեցիկ տախտակամածերից կբացվեն հիանալի տեսարաններ դեպի օվկիանոսի անծայրածիր գեղեցկությունը: Դրանք հանգստացողներին կառաջարկեն նաև լողավազաններ, ճաշարաններ և անգամ տաք լոգարաններ:
Վիլլայի ստորջրյա հարկն ամբողջապես կառուցված է լինելու ապակուց՝ բնակիչների համար բացահայտելով օվկիանոսի ներքին գեղեցկությունը և ստորջրյա կյանքը: Առաջին հարկում տեղակայված կլինեն ննջասենյակն ու լոգարանը, որոնք իսկական դրախտավայր կլինեն այցելուների համար: