Որոտման Որդիներ՝ Հակոբոս Զեբեդյան և Հովհաննես Ավետարանիչ


12:24 , 11 հունվար, 2018

Համաձայն Ավետարանի՝ Հակոբոս (եբր.՝ «գարշապարից բռնող», փխբ.՝ «խարդախ») առաքյալը հոր և եղբոր հետ զբաղվում էր ձկնորսությամբ (Մատթ. 4։21)։ Միևնույն ժամանակ Զեբեդյան եղբայրները գործակիցներն էին Պետրոս և Անդրեաս եղբայրների, որոնց հետ էլ կանչվեցին Հիսուսի կողմից (Մատթ. 4։20-21) և հիշատակվում է 12 առաքյալների շարքում (Մատթ. 10։3, Մարկ. Ղուկ. 6։14)։ Հատկանշական է, որ Հակոբոս առաքյալը միշտ հիշատակվում է եղբոր՝ Հովհաննեսի հետ և միշտ ներկա է Քրիստոսի ամենավստահելի աշակերտների եռյակում (տես, Մատթ. 17։1, Մարկ. 5։37, 13։3, 14։33)։ Առհասարակ այս առաքյալի կերպարը գրեթե աննկատ է մնում Նոր Կտակարանում և իր լույսը կարծես ստանում է Հովհաննես առաքյալի միջոցով։

Գոյություն ունի ավետարանական երկու դրվագ, որտեղ Հակոբոսի կերպարը թեև ոչ Հովհաննեսից առանձին, սակայն առավել ընդգծված է.

Այս դրվագը առիթ է հանդիսացել, որպեսզի Քրիստոսը եղբայրներին անվանի Բաներեգես՝ Որոտման որդիներ (հմմտ. Մարկ. 3։17)։

Վերջին վկայությունները Հակոբոս առաքյալի մասին առկա են Գործք առաքելոցում, որտեղ նա հիշատակվում է առաքյալների շարքում (1։13), ինչպես նաև հիշատակվում է առաքյալի նահատակությունը (առաքյալների շարքում նահատակության միակ հստակ հայտնի դեպքն է). «Այդ ժամանակներում Հերովդես թագավորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց» (Գործք. 12։1-2)։ Նրա սպանության թվականը շուրջ 44 թ. է։

Տարբերակելու համար Հակոբոս Զեբեդյանին Աստվածաշնչի և հատկապես առաքելական շարքի մի քանի Հակոբոսներից, շատ հաճախ նրան անվանում են «Մեծ Հակոբոս», իսկ հայ հեղինակների շրջանակում «Գլխադիր Հակոբոս»։ Վերջինս կապված է այն ավանդության հետ, թե Հակոբոսի գլուխը սրով կտրելուց հետո, այն հրեշտակները բերում են Հիսուսի եղբոր՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր ձեռքը, ով էլ թաղում է պատվական գլուխը իր պարտեզի մեջ։ Հետքագայում այդ պարտեզի տեղում կառուցվում է ներկայիս Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը (12-րդ դար), որի հյուսիսային պատի մեջ բացված մատուռում ցույց է տրվում առաքյալի գլխի ամփոփման վայրը։ Մեկ այլ ավանդություն վկայում է, որ Հակոբոսին սրամահ անելուց հետո նրա մարմինը նետում են Յաֆայի ծովը, և ալիքները այն դուրս են բերում Իսպանիայի ափամերձ շրջաններ։ Աճյունն ի վերջո ամփոփվել է Սանտյագո դե Կոմպոստելա անվանված վայրում, որն այսօր շատ հայտնի ուխտատեղի է։

Իսկ «որոտման որդիներից» Հովհաննեսի մասին համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ նաԶեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը։ Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով՝ չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18: 15, 20: 3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19: 27, 20: 2, 21: 7)։

Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2: 2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10: 3, Մարկ. 3: 17, Ղուկ. 6: 14)։

Գործք առաքելոցը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ միասին։

Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում Պողոսը հանդիպել է Երուսաղեմում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ։ Հովհաննեսը գնում է Եփեսոս, որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է Պատմոս կղզի: Ավանդությունից ենք իմանում Հովհաննես առաքյալի մահվան որոշ մանրամասներ։

Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ 100 թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝ մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»:

Հովհաննես առաքյալը նկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ ներկայացվել է արծվի կերպարանքով։ Արծիվը խորհրդանշում է առաքյալի ունեցած հզոր ու հաղթական բարձր թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը։ Պատկերագրության մեջ Հովհաննեսը ներկայացվում է առանց մորուքի՝ ցույց տալու համար նրա երիտասարդ տարիքը։ Ավելի հաճախ «սիրելի աշակերտը» պատկերվում է Քրիստոսին ավելի մոտ կանգնած, առջևում կամ կողքին նստած։