Արտակարգ դեպք Լոռու մարզում, Մեծ Պարնիի գյուղապետարանի շենքում պայթյուն է տեղի ունեցել. գյուղապետարանը վերածվել է ավերակների


15:45 , 3 հունվար, 2018

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում պայթյուն է տեղի ունեցել Մեծ Պարնիի գյուղապետարանի շենքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Պայթյունի հետևանքով գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի և այն արդեն ոչ պիտանի է:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի ներսի պատերը, վնասվել առաստաղը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական ջոկատը, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և «Գազպրոմ» ընկերությանը: