5 օրանոց արձակուրդ զինվորներին՝ Տարոնին ընտրելու դիմաց


11:52 , 24 ապրիլ, 2013

«Հրապարակը» գրում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնող երևանցի զինվորներին զորամասերում առաջարկվում է 5 օրանոց արձակուրդ՝ պայմանով, որ պետք է Տարոնին ընտրեն իրենք և իրենց ընտանիքի անդամները, ինչպես նաև այնպես անեն, որ հնարավորինս շատ մարդ այդպես անի:
Մի կողմից իհարկե զվարճալի է, որովհետև անհնար է հետևել, թե ով կպահի իր խոսքը, իսկ ով՝ ոչ, մյուս կողմից ստորություն է զինվորներին արձակուրդով կաշառելը, իսկ մյուս կողմից էլ ակներև է, որ ՀՀԿ-ն վերջապես գիտակցել է, որ ինչքան էլ իրենք զբաղվեն դատարկախոսությամբ, այդ քաղաքական ուժը ատում են ժողովրդի լայն զանգվածները, ու որպեսզի հնարավորինս բացառվի Րաֆֆի Հովհաննիսյանի սցենարի կրկնությունը, երբ ցանկացած ոք, ով դեմ է գնում իշխանություններին, կարող է հաղթել, նրանք մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները, որոնց տիրապետում են:
Մնաց, որ մյուս տրամաբանական եզրահանգումն էլ անեն, ու գուցե այդ ժամանակ մի քիչ վիճակներս լավանա: Ասում եմ՝ գուցե ՀՀԿ-ում հասկանան նաև, որ փոխանակ ամեն ընտրություններին ուժերի գերլարում ու ֆինանսական գերծախսեր անելուն, կարելի է ուղղակի մի քիչ խղճով կառավարել ու մի քիչ էլ ժողովրդի մասին մտածել և այդժամ հարկ չի լինի ամեն օր դողալ աթոռների համար, իսկ ընտրություններին նախաինֆարկտային փուլում հայտնվել: