Կառավարությունը նախատեսում է ապրիլի 1-ից արգելել աջ ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը Հայաստան


00:15 , 16 դեկտեմբեր, 2017

Նախագիծը, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան, այսօր տեղադրվել է «e-draft.am»   իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Հիշեցնենք, որ այն մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

Որոշման նախագծում ասված է, որ ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման  անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշում է.

2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Այս որոշումը հիմնավորվում է նրանով, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Այսպիսով՝ սույն նախագծով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Նախագծով առաջարկվում է նաեւ թույլատրել  մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված  տրանսպորտային միջոցների  շահագործումը, սակայն սահմանափակել  տրանսպորտային միջոցների վերահաշվառումը: