Դեղ աչքերի համար. գիտնականները բացահայտել են տաք թեյի օգտակարությունը


17:15 , 15 դեկտեմբեր, 2017

Օրական գոնե մեկ բաժակ տաք թեյի օգտագործումը 74%-ով նվազեցնում է գլաուկոմայի՝ տեսողության կորստի գլխավոր պատճառներից մեկի առաջացման ռիսկը: Այս մասին ասվում է British Journal of Ophthalmology-ում հրապարակված հոդվածում:

Ուսումնասիրության հեղինակներն այսպիսի եզրակացության են եկել՝ հետևելով մոտ 10 000 բուժքույրերի և այլ բուժաշխատողների կյանքին: Նշվում է, որ հայտնի չէ՝ թեյի հատկապես որ տեսակն են խմել փորձի մասնակիցները՝ սև, թե կանաչ, շաքարավազով, թե առանց:

Նշվում է, որ սուրճի, սառը թեյի, առանց կոֆեինի թեյի և այլ ոչ ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը չի ազդել աչքերի խնդիրների վրա:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ թեյի դրական ազդեցությունն աչքերի առողջության վրա կապված է հակաօքսիդանտների բարձր պարունակության հետ, որոնք կարող են դանդաղեցնել աչքի բջիջների զանգվածային մահը դրանցում քիմիական ագրեսիվ մոլեկուլների կուտակման հետևանքով: