11-ամյա աղջկա մահվան մեջ բժշկուհին մեղավոր չէ. գործը կարճվել է


03:00 , 15 դեկտեմբեր, 2017

Operativ.am -ը գրում է

Հրազդանում փետրվարին 11–ամյա Գեղեցիկի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ բժշկուհի Մարինե Հակոբյանը մասնագիտական որեւէ անփութություն կամ անբարեխղճություն չի դրսեւորվել: Փորձաքննության եզրակացության ստացումից հետո նախաքննական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճել:

Նշենք, որ մահացած աղջնակի հարազատները մեղադրում են Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանին: Երեխայի տատիկը մասնավորապես պատմել էր, որ Գեղեցիկը հունվարին թեթեւ առողջական խնդիրներ է ունեցել, Հրազդանի բժշկական կենտրոնում հանգստացրել են, թե լուրջ խնդիր չկա։

«Որոշ ժամանակ անց երեխան նորից թույլ էր իրեն զգում, գնացինք ու մանկաբույժ Մարինե Հակոբյանը կաթիլային միացրեց, որից հետո երեխայի վիճակը կտրուկ վատացավ ու գնաց ձեռներիցս»,– ասել էր երեխայի տատիկը։

Դիահերձմամբ պարզ է դարձել, որ 11–ամյա աղջիկը ոչ մի հիվանդություն չի ունեցել։ Նրանք համոզված են, որ «Դեքսամեթազոնն» է քայքայել երեխայի օրգանիզմը: