Պուտինը ժամանել է «Հմեյմիմ» ավիաբազա և հրամայել ռուսական զորքը դուրս բերել Սիրիայից


14:20 , 11 դեկտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին ժամանել է Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ավիաբազայում պետության ղեկավարին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը:

Ավելի վաղ Կրեմլում հայտնել են, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահը կայցելի Եգիպտոս եւ Թուրքիա:

Ելույթ ունենալով ավիաբազայի զինծառայողների առջեւ՝ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը հրամայել է սկսել ռուսական զորախմբի դուրսբերումը Սիրիայից:

«Պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին հրամայում եմ՝ ձեռնամուխ լինել ռուսական խմբավորման զորքերի դուրսբերմանը նրանց մշտական տեղաբաշխման վայրեր»,-հայտարարել է Պուտինը:

Դեկտեմբերի 6-ին ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սիրիան ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից, ԴԱԻՇԻ-ի բոլոր ելուզակախմբերը ոչնչացված են: