ԱԺ-ն հաստատեց 2018թ. պետբյուջեն. կողմ քվեարկեցին միայն կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն


10:10 , 8 դեկտեմբեր, 2017

ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը՝ 64 կողմ, 35 դեմ քվեարկությամբ:

Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

«Ծառուկյան» խմբակցության անունից վարման կարգով խոսեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ 2018-ի բյուջեի նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը, ինչ իրենց խմբակցությունն ունի: Ըստ նրա, բյուջեն լուրջ հիմքեր չի հանդիսանում տնտեսական զարգացման համար, մենաշնորհների համար ազատ մրցակցային պայմաններ չեն ձևավորում: 

«Մենք չենք կիսում քաղաքական պատասխանատվությունը, և միանշանակ Ծառուկյան դաշինքը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,-հայտարարեց նա։  

Բյուջեի քվեարկությանը ներկա էին նաև կառավարության անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Բյուջեի նախագծի հաստատումից հետո ծափողջյուններ եղան:

Նշենք, որ փոփոխված նախագծով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազ. դրամ, հարկային եկամուտներից ու պետական տուրքերից ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 248 մլրդ դրամ: Ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 307 մլրդ դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156 մլրդ դրամ: